Հայաստանի մանկական պատկերասրահ

Հայաստանի մանկական պատկերասրահ։ Հիմնվել է 1970 թվականին՝ Երևանում, արվեստաբաններ Հ. Իգիթյանի և Ժ. Աղամիրյանի (1936-1975 թթ, եղել է առաջին դիրեկտորը) նախաձեռնությամբ։ Թանգարանի էքսպոզիցիայի հիմք է հանդիսացել 1968 թ-ին Երևանի նկարչի տանը կազմակերպված «Աշխարհը երեխաների աչքերով» մանկական ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Հայաստանի մանկական պատկերասրահն ունի մշտական էքսպոզիցիա և ցուցասրահ, որտեղ կազմակերպվում են անհատական և թեմատիկ ցուցահանդեսներ։

Այն սերտ կապեր ունի հանրապետության միջնակարգ և գեղարվեստական դաստիարակության թեքումով դպրոցների, պիոներական պալատների նկարչական խմբակների հետ։ Հայաստանի մանկական պատկերասրահն աշխատանքներ է ստանում Խորհրդային Միության հանրապետություններից, աշխարհի տարբեր երկրներից, կատարում փոխանակումներ։ 1975 թ-ին Անգլիայի պրեմիեր մինիստր Հարոլդ Վիլսոնը պատկերասրահին է նվիրաբերել անգլիացի երեխաների 150 աշխատանք։

Այժմ Հայաստանի մանկական պատկերասրահի ֆոնդերում կան մոտ 100 հազար մանկական ստեղծագործություններ (գեղանկար, քանդակ, գրաֆիկա, խեցեգործություն, ապլիկացիա, գորգ, կարպետ, ձեռագործ), այդ թվում՝ աշխարհի 90 երկրներից։ Նրա ֆոնդերից աշխատանքներ են ուղարկվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Չեխոսլովակիայում կազմակերպված ցուցահանդեսներին։ Ամեն տարի մայիսի 20-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ասֆալտապատ հրապարակում կազմակերպվում է մրցույթ՝ «Երեխաները նկարում են ասֆալտի վրա», իսկ երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի մեկին՝ միջազգային մեծ ցուցահանդես։

Հայաստանի մանկական պատկերասրահի դերին և մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանն է նվիրված Ժ. Աղամիրյանի «Հայաստանի մանկական պատկերասրահը» (1980 թ, Մոսկվա, Ռուսաստան) աշխատությունը։ 1962 թ-ին Հայաստանի մանկական պատկերասրահին շնորհվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի դափնեկրի կոչում։ 1980 թ-ին Գեղագիտական դաստիարակության կենտրոնի համալիրի հիմնադրումով Հայաստանի մանկական պատկերասրահը վերածվել է Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանի (մասնաճյուղեր ունի Ախուրյանում, Լենինականում, Կիրովականում)։ Համալիրն ունի մանկական արվեստի ակադեմիա, ֆիլհարմոնիա, թատրոն, կինոստուդիա։ Ակադեմիան բաղկացած է կերպարվեստի ստուդիաներից՝ գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, խեցեգործության, փայտի և քարի փորագրության։ Մանկական ֆիլհարմոնիայում գործում են սիմֆոնիկ, կամերային, ազգագրական, էստրադային անսամբլներ։ Թատրոնում երեխաները ինքնուրույն բեմադրություններ են կատարում, խաղում դերեր։ Կինոստուդիայում նկարահանվում են վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր։