Մինսկում կբացվի «Արմենպրես»-ի և «ԲելՏԱ»-ի լուսանկարների ցուցահանդեսը Սպիտակի ողբերգության մասին

«Սպիտակի ողբերգություն. հիշատակի հետահայաց» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը կբացվի Բելառուսի ազգային պատմության թանգարանում հուլիսի 24-ին: Այն նվիրված կլինի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, որը խլել է ավելի քան 25 հազար մարդու կյանք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կներկայացվեն «Արմենպրես» և «ԲելՏԱ» լրատվական գործակալությունների լուսանկարիչների ավելի քան երեք տասնյակ աշխատանք: Դրանք արվել են Սպիտակի ողբերգության տարիներին և արտացոլում են թե՛ Հայաստանին պատուհասած աղետը, թե՛ ողջ մարդկության, հատկապես բելառուս ժողովրդի արձագանքը Հայաստանի ցավին:

«Այս ցուցադրությունը բացառիկ ծրագիր է, որում կներկայացվեն մեծ պատմական արժեք ունեցող լուսանկարներ»,-նշել են թանգարանից:

Ցուցահանդեսն անցկացվում է Բելառուսում ՀՀ դեսպանության, Բելառուսի ազգային պատմության թանգարանի, «Արմենպրես» և «ԲելՏԱ» լրատվական գործակալությունների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ:

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում գրանցված հզոր երկրաշարժի ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը: Կես միլիոնից ավելի մարդ կորցրեց օթևանը, երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Ամբողջովին ավերվել են Սպիտակ քաղաքն ու 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայրեր:

Ողջ մարդկությունը արձագանքեց հայաստանյան աղետին, խորհրդային միության հանրապետություններն ու աշխարհի 113 երկիր, բազմաթիվ միջազգային մարդասիրական կազմակերպություններ ու անհատներ նեցուկ կանգնեցին Հայաստանին:

Հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնեցին նաև բելառուսները, ովքեր աղետի առաջին իսկ օրերից մասնակցում էին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին: Բազմաթիվ հայ երեխաներ աղետից հետո հետցնցումային վերականգնում էին անցնում բելառուսական հաստատություններում, բելառուս լրագրողները իրենց հանրությանն ու աշխարհին էին ներկայացնում Հայաստանի մեծ աղետը: